Եթե նախորդ օրը ԲՀԿ-ն էր համագումար անում ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը իր երկամյա նահանջը կուսակցությունից բացատրում էր արյունահեղություն չցանկանալով, իսկ ՀՀԿ-ն այդպես էլ չի հարցնում, թե ո՞վ էր արյուն հեղելու՝ ի՞նքը, թե՞ ԲՀԿ-ն, փետրվարի 11-ին նույն դահլիճում համագումար էր անում «Հայկական վերածնունդը» և արյան թեման առավել քան արդիական էր: Բեմում էր ցեղապետը և ցեղը նրան վերահռչակում էր առաջնորդ ու զոհաբերություններ էր մատուցում: Ոչինչ չի փոխվել՝ «Հայկական վերածնունդը» նույն «Օրինաց երկիրն» է, որտեղ միշտ կանոնադրության 1-ին կետը եղել է. «Արթուր Բաղդասարյանն աստված է», 2-րդը. «Աստծո կամքն անքննելի է», 3-րդը՝ «Տե՜ս առաջին կետը»:
Ի՞նչ պարզվեց համագումարից: Նոր ոչինչ: Հետո ասվեց, որ համամասնական ընտրացուցակը կգլխավորի Արթուր Բաղդասարյանը: Վերջ: Ովքե՞ր են ցուցակում: Տե՜ս 1-ին կետը, հետո՝ 2-րդը: Հետո նաև պարզվեց՝ ՀՎԿ-ն քննարկում է, թե ինչ ձևաչափով կմասնակցի ընտրություններին՝ որոշ քաղաքական ուժերի հետ քննարկումներ են տարվում: Ո՞ր ուժերի: Գաղտնիք է: Առավել հավանական է, որ ոչ մի դաշինք էլ չի լինի՝ այդ պարագայում նվազագույն շեմն ավելանում է երկու տոկոսով, իսկ դա խնդիր է: «Հայկական վերածնունդը» կարող է ձևավորել հետընտրական դաշինք, եթե մենք կայացնենք որոշումներ կամ ունենանք իրական ազդեցություն քաղաքական որոշումների կայացման վրա՝ ասել է Մհեր Շահգելդյանը։
Ի՞նչ է ասել Արթուր Բաղդասարյանը: Որ՝ խորհրդարանական ընտրությունների անցկացումը Հայաստանի համար վճռական նշանակություն ունի: Որ՝ Հայաստանը այսօր կանգնած է լրջագույն ներքին ու արտաքին մարտահրավերների առջև։ Որ՝ «Մեր թիմն ունակ է լուծել խնդիրներ ու Հայաստանը դուրս բերել այս խոր անդունդից»։ Բայց միայն ՀՀԿ-ն դա չի ասում: Եվ գուցե միայն Արթուր Բաղդասարյանն է մտածում, որ «Հայկական վերածնունդը» իսկապես կայացած քաղաքական ուժ է»։ Անցած տարի փետրվարին արհեստականորեն ստեղծված «Հայկական վերածնունդը» Հայաստանին նոր թռիչք չի բերի՝ ինքն էլ թևեր չունի՝ նույն բառապաշարը, նույն ընթացակարգը, նույն մարտավարությունն ու ռազմավարությունը՝ ինչպես ձիուն ստիպելով տանում էին ջրվեժի մոտ տասը տարի առաջ, այնպես էլ հիմա ջրվեժի ու ջրհորի տարբերությունը չեն հասկացել:
Սոփեստության, դեմագոգիայի ու պոպուլիզմի տասնամյակների բառապաշարին ավելացել է միայն մեկ որակ՝ արնախումի: Արթուր Բաղդասարյանը ելույթի վերջում համագումարի պատվիրակներին քնքշանքով ասաց. «Դուք իմ զորքն եք, պայքարի ու պատասխանատվության կոչ եմ անում», առանց պատճառի հանկարծ բռնկվեց ու հավելեց. «Կաշիներդ քերթելու եմ, եթե լավ չաշխատեք: Պետք է լավ աշխատենք՝ մեր հայրենիքի և զավակների համար»: Թե հայրենիքի ու զավակների ինչի՞ն էին պետք «քերթված կաշիներով» հազարից ավելի պատվիրակները, չբացատրվեց: ՈՒսուցչից հետո ելույթ ունեցող աշակերտն ավելին ասաց՝ Հեղինե Բիշարյանը անկեղծ էր: Նախ ասաց՝ «որպես մանկավարժ, դեռևս 15 տարի առաջ դասավանդել եմ դասարանում (թերևս դպրոցը նկատի ուներ), հետո էլ, որ դասարանում խոսել է Արթուր Բաղդասարյանի, Օրինաց երկրի մասին, գաղափարների և նպատակների մասին՝ փաստորեն խախտելով օրենքը, որ արգելում է քաղաքականացնել կրթությունը: Բայց դա անցյալ է, իսկ հիմա Հեղինե Բիշարյանը ոտքից գլուխ վրեժխնդրություն էր. «Կոշտուկների նման կփշրվեն այն մարդիկ, որոնք եկել են «Հայկական վերածննդի» պտուղներից ինչ-որ բան գողանալու, թույլ չենք տալու դա: «Հայկական վերածնունդն» իմ զավակն է, ես եմ նրա տերը: Թույլ չեմ տա որևէ մեկին ամեն օր կեղծող գարշահոտ ունեցող իրենց գաղափարներով և նպատակներով նախընտրական շրջանում պատվեր իջեցված ծրագրով խոսել «Հայկական վերածննդի» մասին, կոչնչացնեմ ես նրանց, ով ուզում է լինի, ես իմ մատներով կհանեմ նրանց աչքերը»: Մեկը քերթում է, մյուսը՝ ոչնչացնում, հետո հանում աչքերը: ՈՒ ինչո՞վ բացատրել այս արյունախումությունը:
Կա մի քանի պատճառ:
1. «Հայկական վերածնունդը» չդարձավ առաջատար ուժ, ընդդիմության առանցք՝ ինչպես հայտարարում էր, ոչ մի քաղաքական ուժ դաշինքի առաջարկ չարեց:
2. «Հայկական վերածնունդը» այլևս կիսագուլպաներ, մուրաբաներ ու այլևայլ ճիշտ ընտրությանն անհրաժեշտ իրեր ու առարկաներ չի բաժանելու ու դա նրան համարյա թևաթափ է անում:
3. Չգիտես ինչու՝ վերադարձավ Գագիկ Ծառուկյանը և ՕԵԿ-ի ընտրազանգվածը լողալու է դեպի ավելի տաք ափեր: Պատահական չէր, որ առանց անուններ տալու սրեր էին ճոճում ԲՀԿ-ի դեմ ու սպառնալիքներ տեղում անհասցե:
4. Իրենք էլ գիտեն, որ անվճար կրթության ու առողջապահության, պրոֆեսիոնալ բանակի, կենսաթոշակների ամենամյա բարձրացման, արագաչափերի վերացման խոստումներով հեռուն չես գնա՝ ինչքան կարելի է խոստանալ, հետո մեղադրել, որ բավարար իշխանություն չունեն իրենց ծրագրերը կատարելու:
5. Չգիտես ինչու՝ նաև համոզված են, որ կուսակցության ներսում «կեղծ ու գաղջ մթնոլորտի» հայտարարությունները, իրենց կուռ ու համախումբ շարքերը լքելը թուլացնելու միտում ունեն և հոխորտում են, բայց ուրախ չեն:
6. Չի կայացել գլխավոր համաձայնությունը Բարձր դռանը:
7. Չի բացառվում, որ ինչպես Արթուր Բաղդասարյանը համագումարից հեռացավ հետնամուտքից, ՀՎԿ-ին էլ մնացել է քաղաքականության հետնամուտքը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ ընդհանրապես Արթուր Բաղդասարյանն ու Գագիկ Ծառուկյանը ունեն մեծ ընդհանրություն՝ երկուսն էլ տեսել են Դուբայը: ՈՒ բացի այդ՝ միասին էին 2008-ին: ՈՒ՝ ամենակարևորը՝ երկուսն էլ իրենց կարծիքով՝ կանխել են մեծագույն արյունահեղություն: Ճիշտ է՝ Գագիկ Ծառուկյանը ուղղվել է ու ուզում է Հայաստանը դարձնել Դուբայ, իսկ Արթուր Բաղդասարյանը փոշմանել է ու ուզում է կաշի քերթել:
Չհարցնեք՝ ում ընտրել: ՈՒմ ուզում եք, բայց առանց արյունի: